Joomla project supported by everest poker review.

Articles / Azaryan, Ani

 

 

Azaryan, Ani

Հայ ազգային պարի
սկզբնավորման պատմությունը

 

 

Դեռևս ամենապարզունակ հավատալիքների առաջացման պահից պարը օրգանապես միահյուսվել է տվյալ միջավայրի ծեսերին: Հնուց Ժողովուրդների կյանքում պարին մեծ դեր էր հատկացվում: Ինչքան շատ էր զարգանում մոգությունն ու հմայությունները, ավելի ուշ նաև կրոնը այնքան բարդանում էին տարբեր նախնի-տոտեմների, ոգիների, աստվածությունների պաշտամունքին վերաբերվող պարային գործողություններով ծեսերը, ստանալով ավելի ու ավելի բարդ արտահայտչական տեքստ – ձևավորում, ավելի բարդ թատերականացում:
Մոգական ծեսերում իր արտահայտությունն է գտել նախնադարյան մարդու` բնությունը «վերափոխելու», երազանքը:

 

Շատ թատերականացված պարային ներկայացումներ փոխանցում էին իր համայնքի, իր ցեղի կամ ժողովրդի «պատմությունը», էպոսներ և առասպելներ տարբեր նախնի-տոտեմների, հերոսների, ոգիների, կուռքերի կյանքի մասին, նրանց կերպարանքի և արարքների արտացոլմամբ: Նրանք սովորաբար խաղարկվում էին ընծայական ծեսերի ժամանակ, երիտասարդությանը իր ցեղի «պատմությունը» ուսուցման համար:

 

Պարային թատերականացված ներկայացումները` նաև բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի, աշխատանքում, որսի ժամանակ, պատերազմում, ձկնորսությունում, հաջողության կոչող մոգական ակտեր էին:

 

Պարային թատերականացված ներկայացումների շարժումներով նմանակում էին ներկայացվող իրական և ֆանտաստիկ կերպարների շարժումներին և համայնքի անդամների գործունեության այն ոլորտի շարժումներին, որպիսիի վրա անհրաժեշտ էր «ներգործել – կոչել հաջողությունը», օրինակ աշխատանքային, որսորդական, ձկնորսական, ռազմական, մրցողական և այլ շարժումներին:

 

Այլ շարժումների – դրական մոգության ակտերի մի ամբողջ շարքով «ապահովում» էին սեփական առողջությունը, հաջողությունը, թշնամու հանդեպ հաղթանակը և այլն:

 

Աշխատանքային գործիքների, սպասքի, ամենօրյա և տոնական հագուստի, կացարանի կահավորանքի, զենքի և այլնի զարգացմանը զուգահեռ զարգանում էին նաև գործողությունների բովանդակության հետ կապված սրբազան գործողությունների պիտույքները, նրանց ռեկվիզիտների առարկաները, գործող անձանց հանդերձանքը, , նրանց գլխարկները, դիմակները, կոշիկները, երաժշտական գործիքները, սիմվոլիկ զարդանախշերն ու նկարները:

 

Ժողովրդական պարային թատերականացված ներկայացումներում, կախված նրանց նշանակությունից և բովանդակությունից, մասնակցում էին միայն աղջիկները (կամ կանայք, կամ համատեղ), միայն տղամարդիկ (միայն ազապները, կամ միայն ամուսնացածները, կամ համատեղ), միայն երեխաները(մեկ կամ երկու սեռերի), ինչպես նաև համայնքի ամբողջ բնակչությունը համատեղ:

 

Համայնքի յուրաքանչյուր չափահաս անդամ(ինչպես և երեխա, և դեռահաս) իրենց տոհմավագների հսկողության տակ մասնակցում էր իրենց մոգական և պաշտամունքային նշանակությամբ իր սեռին և հասակին համապատասխան գործողություններին:

 

Երբ պաշտամունքի կատարումը կենտրոնացավ արհեստագետ (պռոֆեսիոնալ) պատարագիչների ձեռքում, թատերականացված պարային գործողությունների որոշ ձևեր սկսեցին կատարել միայն յուրաքանչյուր աստվածության պաշտամունքի սպասավորները, և նրան հաղորդակից աղջիկներն ու տղաները:

 

Շատ հին ժամանակներից է ընթանում նաև աշխարհիկ պարերի, մրցությունների և խաղերի զարգացումը:Պարերը, երգեցողությունը, երաժշտական գործիքների վրա նվագակցումը, ակրոբատիկան, մրցությունները և խաղերը սկսեցին ավելի հաճախ ծառայել ոչ միայն պաշտամունքային գործողությունների, մոգության և կրոնի նպատակներին, այլ նաև աշխարհիկ արվեստի նպատակներին:

 

Հայ ժողովրդի հնագույն պարերի մեզ հասած ժառանգությունը հաստատում է ծիսական պարերում տեղային առանձնահատկությունները և նրանց պահպանումը հայերի կողմից: Հեթանոսական ժամանակաշրջանի մասին եզրակացությունները թելադրվում են ինքնաբերաբար հին գրողների մատնանշումներով ըստ Հնագույն Հայաստանում հեթանոսական տաճարների բաշխվածության տարբեր վայրերում` տարբեր աստվածությունների պաշտամունքով:

 

Միաժամանակ իր սովորությունների և մշակույթի ժառանգության – էպոսի, առասպելների, պարերի, ինչպես նաև տոնակատարությունների և պաշտամունքների պահպանման ձգտումը վկայում են, որ հայկական աստվածությունների կերպարների, անունների և պաշտամունքների, օտարերկրյա աստվածությունների կերպարների, անունների և պաշտամունքների հետ խաչասերման ընթացքում պետք է հաղթեին համահայկական և տեղային սովորույթները և տեղային աստվածության գործունեության բնորոշիչ առանձնահատկությունները, նրա պաշտամունքը և նրան նվիրված պարային ներկայացումներ:

 

Իր նախնիներից ժառանգած շարժումային պարային արմատական ֆոնդի հիման վրա հայ ժողովուրդը ստեղծեց իր հիմնական պարային համաժողովրդական շարժումային ֆոնդը, նրա հետագա լրացումներով և զարգացումներով, ինչպես նաև հնացած և այլևս չոգտագործվող շարժումների պարբերական վերացումով:

 

Դեռևս 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի տարեկան մեծ տոներից շատերի հետ էր կապված բազում ավանդական հին ծիսական պարերի և թատերականացված ներկայացումների կատարումը: Չնայած հաճախ որոշ նախկին ծիսական պարեր կատարվում էին սովորույթի ուժով, քանզի նրանց անցյալ մոգական նշանակությունները սկսել էր ժողովրդի կողմից մոռացության մատնվել:

 

Շատ աշխարհիկ պարեր սկսեցին առանձնանալ հետզհետե մոռացվող ծիսական գործողություններից: Իսկ աշխարհիկ պարերի որոշ տեսակներ ստացան խնջույքային բովանդակություն:

 

10.08.13

 

 


https://aniazaryan.wordpress.com/2013/10/08/%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A1%D6%80%D5%AB-%D5%BD%D5%AF%D5%A6%D5%A2%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82/

 

 

 

Thursday the 21st. Design by JoomlaTemplateMaker.