Articles / Զառա Չատինյան
Զառա Չատինյան
Պարող Հայաստան.
Պարի պետական համույթը կենդանի է պահում
պարի ավանդույթները
Հայաստանի պարի պետական համույթը 44 տարի նազանքով և ժամանակի իր ուրույն զգացողությամբ հիացրել է հայ և օտար հանդիսականներին:
Պարողների քայլերն ու շարժումներն սկիզբ են առել հնադարյան հեթանոսական ավանդույթներից և արտացոլում են ազգային ծիսակատարությունները, որոտաձայն ճակատամարտերը և հայ ժողովրդի վիշտն ու ուրախությունը:
Պարի համույթի կազմում 40 պարողներ և պարուհիներ են՝ հավասար քանակությամբ, գումարած զգեստների և բեմի ձևավորողները, պարուսույցը և բալետմեյստերը: Երաժիշտների և վարչական կազմի հետ ընդհանուր թիվը կազմում է 65 հոգի:
Համույթը փորձեր է անում օրական չորս ժամ, շաբաթական վեց օր Երևանի օպերայի և բալետի շենքի մի սրահում՝ առանց ջրի և օդորակման: Ամռանը պայմանները դառնում են անտանելի, սակայն համույթը` անտեսելով ամեն ինչ, շարունակում է իր փորձերը:
Ինչպես Հայաստանի շատ այլ ստեղծագործական խմբերում, այստեղ ևս նման նվիրումն իր արտացոլումը չի գտնում նրանց ստացած վարձատրության մեջ: Պարողների աշխատավարձը կարող է ամսական ընդամենը 9000 դրամ կազմել (17 դոլլար):
Համույթը կառավորությունից տարեկան ստանում է 12 միլիոն դրամ (21053 դոլլար)` կազմի մեկ անդամի հաշվարկով տարեկան 325 դոլլարից պակաս:
Համերգներից ստացված եկամուտը քիչ է օգնում բյուջեին. ամսական մեկ-երկու անգամ տրվող համերգի տոմսերը սովորաբար արժեն մոտ 1000 դրամ (2 դոլլարից պակաս):
Համույթի վերջին 10 տարիների գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանն (ստորին նկար) ասում է, որ պարն այնպիսի արվեստ է, որին մարդ նվիրվում է անկախ ֆինանսական վարձատրությունից:
Պարի պետական համույթը հիմնադրվել է 1958 թվականին Հայաստանի վաստակավոր արտիստ Գևորգ Ասատրյանի և ժողովրդական արտիստ Էդվարդ Մանուկյանի կողմից` մրցանակակիր բալետմեյստերների, նկարիչների և կոմպոզիտորների օժանդակությամբ:
Խորհրդային իշխանության օրոք համույթի համերգային սեզոնը Հայաստանում ընդամենը երեք ամիս էր տևում: Տարվա մնացած մասը համույթը մեկնում էր հյուրախաղերի Խորհրդային Միություն և արտասահմանյան երկրներ` Կիպրոս, Եգիպտոս, Ֆրանսիա և ԱՄՆ:
«Այժմ շատ դժվար է հրավերք ստանալ: Հաճախ պահանջում են, որ պարախումբը ծածկի ճանապարհածախսի կեսը, իսկ մենք չենք կարող մեզ այդպիսի բան թույլ տալ», - ասում է Չանչուրյանը:
«Երկրի ծանր տնտեսական վիճակը դժվարացնում է հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանի տարբեր շրջաններում, մասնավորապես որովհետև չկան համապատասխան հարմարություններ ունեցող թատրոններ, որտեղ կարող ենք բեմադրել մեր ներկայացումները: Այնպես որ, տարվա մեծ մասը մնում ենք Երևանում»:
Համույթին դեռևս հաջողվում է տարեկան որպես կանոն երկու անգամ հյուրախաղերի ուղարկել մինչև 35 հոգուց կազմված պարախմբեր, թեև դա չի կարող համեմատվել անցյալի փառավոր օրերի հետ: Օրինակ` այս տարվա սկզբին համույթը համերգներ տվեց Կիպրոսում:
Հիսնամյա Սրբուհի Բաբայանը (վերին աջ նկարում) 32 տարվա ընթացքում եղել է համույթի մենակատարը: Նրա պարտականությունների մեջ է մտնում նաև պարողներին նոր համերգների և ծրագրերի նախապատրաստելը:
Բաբայանի խոսքերով, բոլորին անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար պահանջվում է երեք օրից մինչև երեք ամիս ժամանակ` կախված ծրագրի բարդությունից:
Նրա խանդավառությունը և նվիրումն իր գործին ակներև են նրա պարի բոլոր ականատեսների համար: ՙԱմեն անգամ բեմ դուրս գալիս, ես պատկերացնում եմ, որ դա իմ վերջին ելույթն է՚, - ասում է Սրբուհին:
Ամեն տարի համույթի մասնագետներն այցելում են դպրոցներ, որպեսզի շնորհալի պարողներին հրավիրեն փորձելույթների` համույթը նոր ուժերով համալրելու համար: Ուսանելը դժվար է. ովքեր չեն կարողանում հաղթահարել դժվարությունները, դուրս են մնում:
Պարողների տարիքը տասնյոթից հիսուն է: Նրանք պետք է անցնեն պարի խիստ դպրոցը, ցուցաբերեն բարձր պատրաստակամություն և առնվազն 170 սմ հասակ ունենան: Բացի այդ, Չանչուրյանի խոսքերով, նրանք պետք է արտահայտիչ դեմք ունենան:
Համույթը նաև ունի իր սեփական պարի ստուդիան 10 և բարձր տարիքի երեխաների համար: Դեռահասները դասերի համար ամսական վճարում են 2000 դրամ (3,5 դոլլար), իսկ լավագույնները կարող են հետագայում հրավիրվել հիմնական կազմի փորձելույթների:
Չանչուրյանի խոսքերով, համույթը վերջին տարիներին մեծ ջանքեր է ներդրել երիտասարդ շնորհալի պարողներ գտնելու նպատակով: Սակայն առաջարկվող աշխատավարձը ոչ ոքի չի գրավում:
Բացի այդ վերջին տարիներին համույթը կորցրել է մոտ 20 պարողների, որոնք արտագաղթել են ԱՄՆ, և նրանցից շատերն հիմնել են իրենց սեփական համույթները և պարային դպրոցներն իրենց նոր տանը: