Joomla project supported by everest poker review.

Է / Էջմիածին 

 

 

Էջմիածին (Echmiatsin)

 

 

      Էջմիածինը Կարնո պարանմուշներից է: Կարնո կլոր պարերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ետ ու առաջ պարերը: Ետ ու առաջ պարում են թե քաղաքներում և թե գյուղերում: Քաղաքներում կատարում են դանդաղ ու հանդիսավոր, գյուղերում՝ արագ ու թռիչքներով: Հնում Ետ ու առաջ պարերը կատարել են հատուկ օրերի և միայն ծածկի տակ՝ շինություններում: Դրսում արգելվել է պարել, ներկայումս պարում են ամեն տեղ, ցանկացած ժամանակ:

 

      Կարինից Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի մոտ պահպանվել են Ետ ու առաջ-ի մի քանի ձևեր: Նրանց թերևս կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ պարաձևեր: Վերջինների շարքին է պատկանում նաև Էջմիածին պարաձևը:

 

      Ժողովրդական մտածողությամբ մարդու աջ կողմը լավության, հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության կողմ է: Աջ բառից է ծագում առ մասնիկով առաջ բառը, որը նույնպես ունի առաջխաղացման, հաջողության իմաստ: Շարժման մեջ աջ ու առաջ գնալն ընկալվում էորպես հաջողություն ու լավություն: Նույն սկզբունքով ետ ու ձախ գնալը համարվել է անհաջողություն:

 

      Պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարողների աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն, որպես հաջողության ու անհաջողության, բախտավորության, չար ու բարու իրար հաջորդող համադրություն: Կյանքի տատանման հետևանքով կատարվող ալիքավոր շարժումը, որն այնուամենայնիվ որևէ մեկ ուղղությամբ կատարվող քայլերի մեծության կամ ավելի մեծ քանակի միջոցով հիմնականում գնում է աջ կամ ձախ, դառնում է պարողների շարժման ընդհանուր գերակշռող տեղափոխության ուղղություն: Ընդ որում ընդհանուր գերակշռող աջ տեղափոխությամբ ժողովուրդն արտահայտում է բարու հաղթանակ չարի դեմ, հաջողության առավելություն անհաջողության, ձախորդության դեմ:

 

      Ետ ու առաջ-ների խմբին կարելի է դասել այդ քայլերով սկսվող կամ ավարտվող մի քանի պարեր: Նրանք ունեն բարդ հաշիվ և տարբեր բովանդակություն: Տվյալ բարդ պարաձևերից թերևս իր ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ առանձնանում է Էջմիածին պարը: Պարն ունի երեք մաս: Առաջինը ետ ու առաջ է, երկրորդը աջ ու հավասար, երրորդը տեղում: Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ: Պարում են խառը: Ձեռքերը ափ-ափի, արմունկները դեպի վեր ծալած, դաստակները գլխի, արմունկները կրծքի մակարդակին: Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը հավասարաչափ:

 

       Էջմիածին պարը ըստ ժողովրդի մեկնաբանությունների շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գմբեթը: Սակայն այն, ըստ երևույթին, ի սկզբանե հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը ավելի հիշեցնում է Ձոն Արևին:

 

       Նշեցինք, որ պարը կազմված է երեք մասից: Առաջինը, որ ետ ու առաջ է, շարժումը կատարվում է անկյունագծով՝ աջ ու առաջ, և խորը խոնարհումներով:

 

       Նախևառաջ խոնարհումները ըստ ժողովրդի մեկնաբանությունների խոնարհում է Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական են: Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը ի սկզբանե փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին: Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը խորհրդանշում է արևի մայրամուտը, նաև մահ: Պարաշրջանը վերստին իր նախկին շառավղին՝ մեծության վերադարձը արևի վերստին ծագելու, նոր կյանք արարվելու խորհուրդն է կրում: Իսկ ընդհանուր՝ արևի մայր մտնելու և վերստին ծագելու, մահվան և նոր կյանքի՝ ծնունդի, կյանքի հավերժականության խորհուրդն է կրում: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծը այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ, նրանից ծագող ճառագայթներով, այսինքն շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով:

 

       Երկրորդ մասում վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով (հայկական պարերում այդ պարատեսակը կոչում են դուրան պարեր) և փոքր խոնարհումներով, որը այսօր խորանից աջ և ձախ գտնվող (6-6), ընդհանուր 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են, իսկ ի սկզբանե նախաքրիստոնեական շրջանում ենթադրաբար դա այն 12 համաստեղությունների՝ կենդանակերպերի (ամիսների) խորհրդանիշն է, որոնց միջով երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջ:

 

       Երրորդ՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գմբեթը:

 

       Ամբողջ պարաձևի ընթացքում, թե աջ, թե ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից, և եթե վերստին հիշենք, որ պարի կլոր հատակագիծը բացի արևի սկավառակից նաև կյանքի շրջանն ու իհարկե մեր համայնքի, տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում, իսկ այդ շրջանը պարողների մարմինների՝ իրանների միասնությունից է առաջանում, ապա աջ ոտքը մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախ ոտքը յուրաքանչյուր պարաքայլին շրջանից ասես վանվելով տարվում է դեպի դուրս: Քանի որ աջը խորհրդանշում է առողջություն, հաջողություն, առաջընթաց, իսկ ձախը թարսություն, ձախորդություն և մահ, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ողջ ընթացքում աջը, այսինքն հաջողությունը պահվում է համայնքի, մեր հասարակության ներսում, փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը, համապատասխանաբար ձախորդությունը, ողբերգությունը, թարսությունը ամեն քայլի հետ վանվում է մեր համայնքից, մեր հասարակությունից:

 

 

 

 

Sunday the 22nd. Design by JoomlaTemplateMaker.