Joomla project supported by everest poker review.

Գ / Գորանի 

 

 

Գորանի (Gorani)

 

 

       Գորանի-ները հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ կապված վշտի պարեր են: Այս պարերում մասնակցում են երկու սեռի ներկայացուցիչները և հիմնականում առավել տարեցները: Հասարակական աղետներին վերաբերվող պարերի տվյալ տեսակը արդեն իր իսկ վշտալի-հերոսական, հիշատակի բովանդակությամբ ըստ հայերի սովորությունների, հավատալիքների և ծեսերի պետք է ունենան ընդհանուր ձախ և հետ գնացող տեղաշարժ:

 

       Պարի հատակագծում քայլերի գծերի անկյունները ուղղված են ինչպես դեպի կյանքի շրջան, այնպես էլ նրա սահմանից դուրս – անդրշիրիմյան աշխարհ… Միաժամանակ հատակագծի ողջ զարդանկարը ասես պատկերում է մայր մտնող արև – «Հանգուցյալի արև»:

 

       Պարաշարքի կառուցվածքը այս պարերում մեկ շարք է, որը վերածվում է աղեղի: Կանգնում են ուս-ուսի, ասես ընդհանուր վշտի մեջ համախմբված: Ձեռքերը միահյուսված են ճկույթներով և ծալված են արմունկներում ուղիղ անկյան տակ: Դաստակները ուղղված են առաջ: Գորանի պարի մի տարբերակում ձեռքերը ճոճվում են ուղղահայաց – վերև ներքև և հորիզոնական ձախ, աջ, ձախ, տարբեր պարբերականությամբ, բայց նույն հաշվին միևնույն ուղղությամբ: Ձեռքերի ճոճում-շարժումները, մարմնի ծանրության առաջ, հետ, ձախ և աջ փոխադրման ժամանակ, և ողջ մարմնի ճոճումը ցայտուն փոխանցում են ողբի և վշտի ծանր ապրումները:

 

       Մեկ ուրիշ տարբերակում յուրաքանչյուր քայլի ժամանակ ձեռքերը կատարում են երկուական շեշտված պտույտ: Ոչ մեծ պտույտները ձեռքերը կատարում են առանց դաստակները ծալելու, բայց արմունկների ծալումներով, որը զուգորդվում է արմունկներից մինչև մատները շառավղային պտույտներով: Պտույտների ժամանակ ձեռքերը փոքր ինչ իջնում են գոտկատեղից, իսկ բարձրանալուց կրծքից չեն անցնում:

 

       Պարաձևը կազմված է 12 քայլից: Պարաձևում ընդամենը մեկ փոքր և մեկ խոշոր քայլ տեղաշարժում է դեպի ձախ:

 

       Այս պարերից գրեթե բոլորը կապված են ողջ հասարակության համար նշանակություն ունեցող ինչ-որ մեկի մահվան ավանդապատումի հետ, կամ ճակատամարտերի հետ, որոնց հետևանքով առաջ են եկել աղետներ և զոհվել են համայնքի բազում անդամներ: Երաշտ, ճակատամարտ, պարտություն, սննկացում, առաջնորդի մահ – տարերային և հասարակական աղետներ են:

 

       Ժողովրդի ողբերգական ապրումներով առաջացած տվյալ պարերի շարժումների հիմքերը պետք է կապված լինեին ժողովրդական կամ հասարակական աղետի հետ – երաշտ, երկրաշարժ, ջրհեղեղ, պարտություն պատերազմում, թշնամու ներխուժմամբ հայ ժողովրդին պատճառած դժբախտություն և տառապանք, օտարերկրյա զավթիչների կողմից հարստահարում:

 

       Ժամանակի ընթացքում դժբախտություները ողբացող և նկարագրող նմանատիպ հայկական պարերից սկսեցին դուրս մնալ վերապրած իրադարձությունները և նրանցով առաջացած ժողովրդական վիշտը փոխանցող հին տեքստերը: Այժմ պարը ստացել է ավելի կենցաղային բնույթ և կատարվում է ցանկացած առիթով:

 

       Ինչ վերաբերվում է Գորանի անվանը, ապա հայերեն գոռ նշանակում է աղմուկ, ժխոր, շփոթ, խուճապ, ծեծկռտուք, մարտ, կռիվ: Գոռալ – ճչալ, ոռնալ, բղավել, ինչը կարելի է կապել ողբի հետ: Գորան – անմշակ:

 

       Գորանի-ի Ալաշկերտի տարբերակում առաջնորդը կամ պարողներից որևէ մեկը, իսկ երբեմն պարող կանանցից մեկը դնում են գլխին պղնձե թասը, մինչև եզրը լցված ջրով: Թասը չէր կարելի պահել ձեռքով: Ոտքերի շարժումները պետք է պատկերեին օձի շարժումները ջրում և պետք է չափազանց դանդաղ լինեին: Պարողների ծնկների խորը կքանիստերն ու ուղղումները, որոնք իջեցնում և բարձրացնում են պարողների շարքը, պետք է փոխանցեն օձի ընկղմումը ջրի մեջ և նրա ջրի մակերես դուրս լողալը: Պարաձևի այս տարբերակի կյանքի շրջագծի հարթ հատակագիծ ունենալը և աջ ընդհանուր տեղաշարժվելը փաստում են մոգական գործողության դրական նպատակների մասին: Սա արդեն ոչ թե երաշտի ողբ է, այլ լավատեսությամբ անձրև կանչելու ծես, հույսով, որ այն անպայման կգա և կոռոգի չորացած, ծարաված հողը:

 

 

 

 

Sunday the 22nd. Design by JoomlaTemplateMaker.