Articles / Zhenia Khachatryan
Zhenia Khachatryan
Battle dances
ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐԵՐ
Հունա-հռոմեական ու փոքրասիական աղբյուրները բազմաթիվ փաստեր են պարունակում հնուց ի վեր գոյություն ունեցող ռազմական պարերի մասին: Շատ տեղեկություններ կան նաև հայ մատենագրության մեջ: Հայերի մեջ ռազմական պարերի՝ հնուց ի վեր գոյության անժխտելի ապացույցը մինչև օրս պահպանված մոտ 30 անուն տղամարդկանց պարերն են, որոնց մեջ բացահայտորեն արտահայտված է ռազմի և հակամարտության գաղափարը: Ռազմական պարերը հետապնդել են երիտասարդ տղաների ֆիզիկական դաստիարակության նպատակ: 12-13 տարեկան պատանիները ավագ սերնդի ղեկավարությամբ իրենց մեջ դաստիարակել են ճարպկություն, դիմացկունություն, զենքին տիրապետելու հմտություն: Ինչպես ծիսական բոլոր պարերը, այնպես էլ ռազմական պարերը սրբազան էին և պետք է կատարվեին տեխնիկապես անթերի:
Խախտումը կարող էր ճակատագրական լինել ծեսի նպատակադրման իրագործան հարցում: Այդ պատճառով խախտողները պատժվում էին:
Հնուց ի վեր ռազմական պարերը եղել են կյանք-մահ մտածողության իմաստաբանության գաղափարակիրները: Նրանց կատարման ժամանակը դարձել է այն սահմանագիծը, որից սկսվել է մի ուրիշ աշխարհ կամ ուրիշ նորացած կյանք: Այդ է պատճառը, որ ռազմական պարերը կատարվել են հատկապես թաղման ու հարսանեկան արարողություների ժամանակ, հնի ու նորի պայքար-փոխակերպություն հասկացությունների հետ կապված տոներին: Ռազմական պարերն ինքնատիպ թատերականացված երկխոսություններ են, անհատների մենամարտ-մրցույթներ կամ հակադիր խմբերի հակամարտություն՝ կռիվ-խաղեր, որոնցում մշտապես առանձնանում է հաղթողը: Մենամարտերը, կռվու խաղերն ու պարերը առաջնորդների ղեկավարությամբ միևնույն գաղափարի բազմաթիվ կրկնություններն են, որոնցում առաձնացվում է հաղթող հերոսը, որը դառնում է մահվան, հնի, ծերի նկատմամբ հաղթանակի, ապա և վերածնված երիտասարդության խորհրդանիշ:
Թաղումն այն սահմանագիծն էր, որտեղ ավարտվում էր հինը, ծնվում և սկսվում էր նորը: Հայ հողագործը ամեն ինչ կապել է պտղաբերության հետ: Ջերմությունն ու լույսը դիտվել են որպես հզորություն, խավարն ու ցուրտը՝ մահ, դժոխք: Ձևավորվում է աստվածային վեգետատիվ գաղափարի բեղմնավորող զորությունը, որը պայքարի մեջ է մտնում դժոխքի տերերի հետ: Զարգանում է նաև պսակի գաղափարը՝ սկզբում բուսական շրջան-օղակի ձևով, որով թագադրում են՝ միաժամանակ փոխանցելով պտղաբերելու կարողությունը (հերոսին, փեսային): Մարդը հողագործի համար այն հատիկն է, որը պարունակում է նախ մեռնելու, ապա վերածնվելու գաղափարը: Այս ամենը ռազմական պարերում պայքարի, պարտության ու հաղթանակի երկխոսությամբ նույնացվում է ծննդյան ու հաղթանակի, պայքարով վերակենդանանալու գաղափարախոսության հետ: Ռազմական պարերում հաղթողն ու պարտվողը մշտապես մեկ ամբողջության մեջ են:
Ռազմական պարային ձևերում ցուցադրվում են բերդի պաշարման և գրավման գործողություններ, հարձակում և նահանջ, կռվախաղ-պարեր զենքերով (թշնամուն գլխատելու սիմվոլիկ խորհուրդն ունի), ծափ-պարեր՝ կռիվներ՝ զենքերի փոխարեն ափ ափի զարկելով (յարխուշտա), մենամարտ զուգապարեր (այս շարքին են պատկանում են ճիպտապարերը, որոնք վարժեցնում են զենք գործածելու ճարպկություն, հարվածների հանդեպ դիմացկունություն. խանչալպարին, որը պահանջում է դաշույնին տիրապետելու արտակարդ հմտություն):
Ժենյա Խաչատրյան
(«Պարը հայոց մեջ» հոդվածների ժողովածուից)