Joomla project supported by everest poker review.

Articles / Albert Kiziryan

 

  

Albert Kiziryan

 

It is not allowed to represent Armenia through an old Folklore

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԻՆ ՖՈԼԿԼՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ»

 

 

 

       Այս վերնագիրը ծնվեց, երբ կարդացի Ազնավուրի հետ «TV Ալիք» թերթում (N 6 9.02.2006 թ.) տպագրված հարցազրույցը: Եվ, քանի որ նա լավ հասկանալով մատը դրել էր հենց ճիշտ վերքի վրա, իմ մեջ նորից բարձրացավ ցավի ալիք, որի մասին խոսել եմ բազմիցս: Կրկին ուզում եմ (ելնելով օգտակար լինելու իմ` քաղաքացու պարտքից ազգային մշակույթի հանդեպ) խոսել ինձ հուզող հարցերից` հույս ունենալով, որ գոնե այս անգամ ձայնս չի հնչի «ձայն բարբառոյ յանապատի»:

        Հայաստանի ֆոլկլորի բեմականացման սկիզբը շաղկապվում է Վահրամ Արիստակեսյանի անվան հետ, նրա գործը շարունակեցին Արբատովը, Ղարիբյանը, Խանամիրյանը: Թվում է՝ ստեղծվել էր անհրաժեշտ մակարդակ եւ ուղղակի պետք էր շարունակել, ինչպես համաշխարհային համբավ ունեցող Մոիսեեւը (Մոսկվա), Վիրսկին (Ուկրաինա), Սուխիշվիլին (Վրաստան)... Սակայն այսօրվա «վայ-մասնագետները» հետեւողականորեն իջեցրին արդեն հաստատված որոշակի մակարդակը: Դա ավելի հեշտ է եւ գլխացավանքից հեռու: Նոր սերունդը չի տեսել հին օրերի գործերը, հետեւապես կարելի էր մատուցել ինչ պատահի: Չէ՞ որ այսօր ընդունված է 2-3 շարժումով «բեմադրել» մի պար եւ անվանել ազգագրական: Երաժշտական ձեւավորումն էլ ոչ մի բարդույթ չի ներկայացնում` 1 զուռնա-1 դհոլ եւ ամեն ինչ պատրաստ է: Արդեն տարիներ է Վրաստանի պարի անսամբլը հաջողությամբ հաղթարշավում է աշխարհի բեմերով: Վերջին անգամ ես նրանց տեսա 2003 թվին Ավստրալիայում, ուր հրավիրված էի որպես խորեոգրաֆ: Բացարձակ անշլագ` տոմսերը սպառվել էին համերգից շաբաթներ առաջ: Ցավոք մեր անսամբլը, որ ժամանակին չէր զիջում ոչ մի հայտնի պարային կոլեկտիվի, նույնիսկ Մոսկվա չմեկնեց, երբ ներկայացվում էր ամենայն ազգայինը Ռուսաստանում: Բոլորիս համար էլ պարզ է պատճառը: Դա մեծ հարված էր 47-ամյա շռնդալից հաջողություններով պատմություն ունեցող Պարի պետական անսամբլի համար ու նույնպիսի խոշոր հարված անձնապես ինձ համար, որ 37 տարի` սկսած հիմնադրումից, չի խնայել ուժ ու ջանք` բարձր պահելու իր տան անունը, պատիվը: Իսկ հիմա, եթե ծրագրից ընդամենը 3-4 պար հանենք` բեմադրված 35 տարի առաջ (Խաչատրյան` «Լեզգինկա» եւ «Սուսերով պար», «Հենզելի», «Կինտոներ»), կտեսնենք, որ ցավոք այսօր ոչինչ չունենք:

        Իհարկե այս ամենը ունի մեկ հիմնական պատճառ` ներկայիս գործող ուժը պատրաստ չէ այսօր բերելու նոր շունչ, նոր ալիք:

        Ինչպիսին պետք է լինի այսօր գեղարվեստական ղեկավարը` իմ կարծիքով:

        Գեղարվեստական ղեկավարը պետք է պարզ տեսնի ա՛յն նպատակակետերը, դեպի ուր պետք է ընթանա անսամբլի ապագան:

        Պետք է զգա, թե ինչ ստեղծագործություն, ինչ ոճ եւ ինչ նոր մոտեցում է անհրաժեշտ տվյալ ժամանակաշրջանում:

        Գեղարվեստական ղեկավարը, ինչպես ես եմ նրան պատկերացնում, պետք է լինի ստեղծագործող անհատ, որը հնի վրա ստեղծում է նորը, զարգացնում` խնամքով վերաբերվելով ազգային ժառանգությանը:

        Մակերեսային մոտեցումը պարարվեստին հղի է մի այնպիսի վտանգով, որ կարող է խեղել պարը, դարձնելով այն միօրինակ, շաբլոն, իսկ ամենից առավել դա անդրադառնում է հայ պարարվեստի վրա, որը հնուց փայլել է անհամար նրբերանգներով: Հայկական պարը` զրկվելով վեհությունից, նպատակասլացությունից, ռոմանտիկ շնչից, աղքատանում է: Դա բացատրվում է ազգային առանձնահատկությունների անգիտությամբ եւ բազմաշերտ նրա հարստության մեջ խորամուխ լինելու անկարողությամբ:

        Այսօրվա հրամայականն է` վերստին ազնվացնել-վեհացնել ազգային պարը, հարստացնել գունեղ նրբերանգներով: Այս վերածնունդի համար հենակետ պետք է դառնա ազգային երաժշտությունը:

        Այսօրվա բեմադրիչի առջեւ ծառանում է բարդ խնդիր` իր ստեղծագործություններում երեւալ ավելի նորարար` ասելիքի, ճաշակի առումով, քան պարզապես կառչած մնալ դոգմատիկ-պահպանողական ձեւ ու կերպին: Ճիշտ է, ոչ ոք չի բացառում, որ ֆոլկլորը մեզ համար մշտապես սնող, վստահելի հող է, բայց ստեղծագործության հիմքը ազգային պարի մշակումը եւ նրա գունեղ ու վառ թատերականացումն է` համադրված ժամանակի եւ հանդիսատեսի պահանջին: Ցավոք այ սա է, որին մենք պատրաստ չենք: Ինձ համար զարմանալի կլիներ, որ մեր ժամանակի մեծագույն վարպետը` Ազնավուրը նկատած չլիներ այս վրիպումը եւ բառացիորեն մատնանշած չլիներ հենց «պարուսույց» բառը: Մեջբերում եմ նրա խոսքը ամբողջությամբ, որովհետեւ այն հնչում է որպես ահազանգ բոլորիս համար.

        - Ես ամեն ինչ չէ, որ տեսել եմ Հայաստանում: Մի բան հաստատ է, որ եթե չլինի այնպիսի պարուսույց, որը բարձր մակարդակի վրա ներկայացնի ժամանակակից հայկական պարերը, լավ չի լինի: Չի կարելի Հայաստանը Ֆրանսիային ներկայացնել հին ֆոլկլորի միջոցով: Ֆոլկլորը թույլ է, այն նորացնելու կարիք կա:

       Ցավոք, վաղուց եմ զգացել այս ամենը եւ քանիցս անդրադարձել եմ այս խնդրին թե՛ մամուլով, թե՛ հեռուստառադիոհաղորդումներով:

       Առակս զինչ կցուցանե, իհարկե կան մարդիկ, որոնք գիտակ են եւ պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել հանուն մեր մշակույթի, եւ նրանք պետք է հովանավորվեն պետականորեն, պետք է հնարավորություն ընձեռվի նրանց իրականացնելու այդ ծանր աշխատանքը, որովհետեւ դա իսկապես մեծ պատասխանատվություն է, որի տակ կքող ուսերը պետք է ամուր լինեն:

       ԱԼԲԵՐՏ ԿԻԶԻՐՅԱՆ, ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի մշակույթի համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ

        Խմբ. կողմից.- Հոդվածում արտահայտված տեսակետների վերաբերյալ խմբագրությունը պատրաստ է ներկայացնելու նաեւ այլ մոտեցումներ (եթե, իհարկե, դրանք լինեն): 

 

 

 


 

http://forum.hayastan.com/index.php?showtopic=22586

 

Thursday the 21st. Design by JoomlaTemplateMaker.