Joomla project supported by everest poker review.

Encyclopedia / Շ / Շորոր-Ճոճք 

 

 

 

Շորոր-Ճոճք (Shoror-chochq)

 

 

       Շատ հայկական պարերում տեղաշարժերի փոխարեն հանդիպում են մարմնի ծանրություն-հենարանի տեղափոխումներ (փոխանցումներ) մի ոտքից մյուսին:

 

       Քայլ-տեղաշարժերը նույնպես փաստորեն հանդիսանում են տեղափոխումներ, ավելի ճիշտ մարմնի ծանրություն-հենարանի անցումներ մի ոտքից մյուսը, բայց դրա համար համապատասխան ազատ ոտքը նախապես կտրվում է գետնից, և ապա, տեղադրվելով իր իսկ տեղը կամ իր նախորդ դիրքի համեմատ անհրաժեշտ ուղղությամբ և անհրաժեշտ հեռավորության վրա ընդունում է իր վրա մարմնի ծանրություն-հենարան և դառնում է հիմնական (հենարան) ոտ: Այսուհետ մարմնի ծանրության-հենարանի փոխադրել, ճոճել կկոչենք հենարանի այնպիսի փոխադրումը, որի ժամանակ ազատ ոտքը, դառնալով հիմնական, նախօրոք չի կտրվում գետնից, չի տեղաշարժվում:

 

       Ընդ որում նախկինում հիմնական (հենարան) բայց ծանրությունից ազատվող ոտքը մարմնի ծանրության փոխադրման, վերագլորման պահին`

 

1) նույնպես չի տեղաշարժվում, չի պոկվում գետնից, բայց կարող է փոխադրվելով (անցնելով) ոտնաթաթին, կրունկին, իջնել ողջ ներբանին…

 

2) գետնից կտրվում է: Հենարանի փոխադրումով հայկական պարերում 2-րդ դեպքերը հանդիպում են, բայց հազվադեպ:

 

       Սովորաբար պարաձևը չի սահմանափակվում մարմնի ծանրության մի ոտքից մյուսին մեկ փոխադրումով, այլ կրկնում է ծանրության հակադարձ տեղափոխումը, վերադարձնելով մարմինը ելման դրություն: Այնուհետև կրկնում առաջին տեղափոխումը: Տվյալ դեպքում, որպես օրենք երկու ներբաններն էլ չեն տեղաշարժվում: Ստացվում է ամբողջ իրանի տատանում մի կողմից մյուսը – կողքից կողք, ետ ու առաջ կամ միջանկյալ ուղղություններով:

 

       Ասվածից պարզ է, որ քայլերի ժամանակ մարմնի ծանրության, նրա հենարանի փոխադրումը մի ոտից մյուսին անհրաժեշտ է տարբերել իրանի ճոճելու օգնությամբ հենարանը մի ոտից մյուսին փոխադրելուց: Մի դեպքում նման ճոճումները զուգորդվում են նաև քայլերի, շրջադարձերի, պարադարձերի տարբեր հերթականությամբ, թռիչքների տարբեր տեսակներով և ոտքերի այլ շարժումներով, ինչպես նաև իրանը Շորոր-ելով իր առանցքի շուրջ ոչ մեծ շրջադարձերով:

 

       Թռիչքների տարբեր տեսակներով զուգորդվող Շորոր պարատեսակները, որի ընթացքում նաև պարեղանակի տեմպն է արագանում, ժողովուրդը կոչում է Ճոճք (Ճոշ, Ճոչ, Ճոշկ):

 

       Մյուս դեպքերում ողջ պարաձևը կազմված է միայն ճոճումներից, մի ոտքից մյուսին մարմնի ծանրության, նրա հենարանի փոխադրումից և ընդամենը մեկ քայլից (սովորաբար առաջին հաշվին): Շնորհիվ այդ միակ քայլի գյոնդը քիչ-քիչ տեղաշարժվում է այս կամ այն կողմ:

 

       Պարերը, որոնցում պարաձևի, պարաքայլերի մեծ մասը կազմված է ճոճումներից, այս կամ այն ուղղությամբ մարմնի ծանրության տեղափոխումներից դասվում է Շորոր տեսակին – շորորալ կամ օրորալ բայից: Շորոր տերմինը նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով, սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով: Նույնն է նշանակում նաև Շորոր – մորոր կամ Օրոր – շորոր արտահայտությունը: Շորորալ, շորոր տալ քայլել նազուտուզով, ծռմռվելով, սեթևեթելով, ուսերն ու ազդրերը տարուբերելով և միաժամանակ քայլել հպարտորեն երևակայելով, ինքնահավանորեն քայլել: Ինչպես նաև ծածանվել շարժումից կամ քամուց, ինչպես հագուստը՝ շրջազգեստ, թիկնոց, վզարկու (շարֆ) կամ դրոշ և այլն:

 

       Բադի և մասամբ սագի նման կարմիր գույնի ջրային ոչ մեծ թռչունը հայերեն կոչվում է շնորոր կամ շնարոր: Այս անվան մեջ ամբողջովին մտնում է օրոր գոյականը՝ օրորոցի տատանում (ճոճում), օրորոցային: Վերջինիցս է բխում օրորալ բայը-ճոճել, տատանել՝ ինչը շնօրոր, շնորոր թռչնի անվան մեջ բնորոշում է այդ թռչնի տարուբերվող, տատանվող քայլքը:

 

       Պարաձևերից մեկի հին հայկական գրական անվանումը Երերապար-ճոճումներով (տատանումներով) պար (երերալ-ճոճվել, տատանվել, ծածանվել, ալիքվել, տարուբերվել, դողալ ինչպես և օրօրվել), հավանաբար, նույնն է ինչ և Շորոր ժողովրդական անվանումը:

 

       Շորոր տեսակի պարերի, պարաձևերի կողքից-կողք տատանվող, ճոճվող շարժումները չի կարելի չդասել նմանակող, արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները:

 

       Այսպիսի նմանակող շարժումները յուրաքանչյուր ոլորտում պարաքայլերի մյուս տեսակների կողքին աստիճանաբար մտել են շարժողական պարային հիմնական բառային ֆոնդի մեջ: Չի բացառվում, որ Շորոր պարաձևի, Շորոր պարաքայլի մեջ եղած ճոճումները (տատանումները) ոտքից ոտք մեզ են հասել շատ հին ժամանակներից, միգուցե հայերի նախնիներից:

 

       Շորոր տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի հետ, շատ վառ նկատվում է սորոր տալ բայի բացատրությունում. «Սորոր տալ-քայլել ինչպես կաքավ»: Սորորը և Շորորը նույնն են: Սորորալ բայը նույնն է ինչ Շորորալը: Ոչ լիովին ճշտված թռչնի տեսակը կոչվում է սորորիկ: Ենթադրվում է, որ դա կաքավն է:

 

       Բոլոր տեղեկությունները վկայում են այն մասին, որ Շորոր պարաձևի հիմնական պարաքայլերը կարող էին սկիզբ առնել այն հնագույն պարային ներկայացումներից, որոնցում անհրաժեշտ էր նմանակել ոտից ոտք գլորվող կաքավի կամ այլ թռչուն-տոտեմի քայլքին:

 

       Շորոր պարաձևերը հասել են մինչև մեր ժամանակները: Հասկանալի է, որ նրանց բովանդակությունը արդեն կորցրել է ամեն տեսակի կապը կրոնական կարգի, կերպարների հետ: Արդեն 19-րդ դարի սկզբին գրեթե ամենուր նրանք ստացան կենցաղային բնույթ, երբեմն պահպանելով միայն որոշ ավանդական ծիսականություն: Սակայն Շորոր-ներում շարժումների տրամադրությունը ամեն դեպքում շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը որ մատնում է կատարվող տատանումների (ճոճքերի) շարժական հիմքերի նախկին վեհասքանչ սրբազան արմատները: Պարային Շորոր տերմինին համապատասխանում են նաև Ճոճ (չ), Ճոր, Ճորճոր կամ Ճորիկ, երբեմն հետևյալ համադրումով Ճորճոր – պարպար, կամ Ճորպար:

 

 

 Vaspurakan Dance Group - Shoror

 

 

Thursday the 26th. Design by JoomlaTemplateMaker.