Joomla project supported by everest poker review.

Թ / Թամուր աղա 

 

 

 

Թամուր աղա (Tamur agha)

 

 

 

       Հայաստանում շատ են տարածված «Թամուր», «Թամուր աղա», «Հեյ Թամուր աղա», «Թամրաղի» և նմանատիպ անվանումներով պարերը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ունենալով ընդհանուր ուրվագծեր և ձևեր՝ այդ պարերն այնուամենայնիվ իրենց շարժումներով տարբերվում են իրարից:

 

       Այս պարերի հիմնական բովանդակությունը հերոսի մահվան ողբն ու սուգն է, որն արտահայտվում է գերեզմանի շուրջ թաղման թափորը ներկայացնող պարով (մինչև գերեզման իջեցնելը), և հետո նրա հերոսության գովերգումը: Դժվար է ճշտգրիտ ասել հայ ժողովրդի համար այնքան սիրելի և արժեքավոր դարձած այդ պատմական անձի կերպարը, որի անունով ժողովուրդը կոչել է իր սգո, հիշատակի պարերը:

 

       Պարի մեղեդին հանդիսավոր է, էպիկական, կանչ է, որը գուժում է նահատակված հերոսի համաժողովրդական ողբը և ասես նկարագրում է նրա մասունքներով հուղարկավորությունը:

 

       Պարաշարքում կանգնում են կողք կողքի, ուս ուսի, գծային շարքով, որը կարող է նաև կորանալով աղեղնաձև դառնալ: Ձեռքերը որոշ տարբերակներում բռնում են ճկույթներով, որոշներում՝ ափերով: Սկզբում պարողները դեմքով ուղղված են դեպի շրջանի կենտրոն, ձախ ոտքը հարվածում է, իսկ աջ ոտքը, կորագիծ գծելով հարվածելով, ընդունում է մարմնի ծանրությունը՝ հնարավորություն տալով նույնը կատարել ձախ ոտքին: Այս շարժումը կատարվում է երկու անգամ, որից հետո աջ դարձումով, աջ ոտքով գնում են աջ, ապա ուղղվում և ձախ ոտքով կատարվում է քայլ տեղում: Այս շարժումն էլ կրկնվում է երկու անգամ, որից հետո նորից կատարվում է դարձ դեմքով դեպի շրջանի կենտրոն, և կրկնվում են սկզբնական շարժումներով զուգորդվող շարժումները: Հաջորդ անգամ կրկնվում են կողք գնացող շարժումները, միայն աջի փոխարեն տեղաշարժը կատարվում է դեպի ձախ: Պարի ինչ-որ հատվածում պարողները կողք գնացող շարժումներով ուղղվում են դեպի կենտրոն և վերջում կքանստում՝ ըստ երևույթին հերոսին գերեզման իջեցնելը նկարագրելով: Նմանատիպ շարժում պարի ընթացքում կատարվում է հիմնականում մեկ անգամ, ընդ որում, այդ պահին պարը նաև մեկ կարճ դադար է առնում, որից հետո պարողները թիկունքով հետ-հետ են գնում՝ վերականգնելով պարի ելման դրությունը:

 

 

 

 

 

Monday the 25th. Design by JoomlaTemplateMaker.