Joomla project supported by everest poker review.

Թ / Թամզարա 

 

 

Թամզարա (Tamzara)

 

 

       Թամզարան հարսանեկան երգ-պար է: Թամզարա պարը հանդիպում է շատ հայկական բնակավայրերում, գրառվել է տասյոթից ավել տարբերակներ, բայց գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվանումը չի կարողացել բացատրել: Թամզարա անվանումը Հ. Ս. Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանում» հանդիպում է որպես հայկական ազգաբնակչությամբ բնակավայրի անվանում Հայկական բարձրավանդակում:

 

       Այս բնակավայրը բացի Թամզարա անվանումից կոչվում էր նաև Թամարզա, Թումարզա: Ըստ վերոնշյալ աղբյուրի «Որոշ ուսումնասիրողների կարծիքով Թամզարա անվանումը իբր ծագել է Թովմա Արծրունու անունից, որն էլ իբր թե հիմնել է տվյալ բնակավայրը»: Հնարավոր է, որ երգ-պարի անվանումը ինչ-որ չափով կապված լինի տվյալ բնակավայրի անվան հետ, ինչպես դա հավաստում է Հ. Աճառյանը իր «Գավառային բառարանում»: Պարողներից շատերը արտասանել են Թամզարա կամ Թանզարա, իսկ երբեմն և այսպես, և այնպես, իսկ Համզարան համահունչ կցորդ է, Թամզարա բառի կրկնությունը, ինպես ասենք շուռ-մուռ տալ:

 

       Թամզարա պարատեսակը պատկանում է «Երկու գնալ, երկու դառնալ» պարաընտանիքին: Այս պարաընտանիքի տարբերությունը «Երկու գնալ, մեկ դառնալ» պարաընտանիքից պարզ է արդեն իսկ իր անվանումից: Դառնալ, վերադառնալ բառերը նշանակում են գնալ դեպի ձախ: Ձախ, դեպի ձախ, ձախություն բառերը հայոց լեզվում արգելված էին, «տաբու» էր դրված: «Գնալ դեպի ձախ» դարձվածքը նույնպես արգելված էր, և այդ իսկ պատճառով փոխարինվել է դառնալ բայով:

 

       Հետևաբար տվյալ պարատեսակի տարբերությունը նշված նախորդ պարաձևից կայանում է նրանում, որ պարաձևը երկարում է ևս երկու հաշվով, դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող – երկու շարժումով: Իսկ պարաձևը վեց միավոր հաշվի փոխարեն ունի ութ, վեց շարժման փոխարեն – ութ շարժում:

 

       Գրառված «Երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակները իրենց շարժումներով այնքան էլ նման չեն: Սրանցից մի քանի տարբերակում, որոնք էլ հենց կոչվում են Թամզարա, դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, աջ, ձախ:

 

       Թամզարաների ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա, ընդ որում ճկույթներով, ափերով, այսինքն «բարև բռնած», իսկ երբեմն նաև ուսերից:

 

Երաժշտական չափը` 4/8+5/8, ինչն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ:

 

       Ըստ Կոմիտասի` Թամզարան հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը եղել է գյովընդբաշունն (գյոնդբաշի, պարագլուխ) ու իր օգնականինը: Իսկ հարսը անպայման կանգնում էր քավորի` կնքահոր կողքը:

 

       Այժմ Թամզարան գրեթե կորցրել է իր ծիսական նշանակությունը և կատարվում է համայնքներում կատարվող գրեթե բոլոր միջոցառումների` հարսանիքների, կնունքների, և այլ ծիսական միջոցառումների ժամանակ և ուղղակի խնջույքներում:

 

       Սրբուհի Լիսիցյանի գրառած Թամզարա-համզարաներում ձեքերը բռնում են ճկույթներով, այսինքն` ճկութախաղեր են.

 

1. ձեռքերի դաստակները բարձրացրած են գոտկատեղի բարձրության: Արմունկները ծալված են ուղիղ անկյան տակ: Դաստակները ափերով դեպի ներքև են պահված և ուղված են դեպի առաջ:
2. ձեռքերի դաստակները բարձրացված են ականջների բարձրության: Արմունկները ծալված են սուր անկյան տակ և 45 աստիճանով առաջ են տրված:

 

       Առաջին տարբերակում մասնակիցները կանգնում են ավելի մոտիկ, քան երկրորդ տարբերակում: Մասնակիցները շարվում են իրար կողք և կազմում շրջան: Ընդհանուր տեղաշարժը դեպի աջ է:

 

        Պարը իր հետագծի ձևով պատկանում է դուրան պարերի թվին, որոնց հետագիծը հարթ գծով է անցնում: Թամզարային ամենաբնորոշ պարաքայլը դա ոտքի կրկնակի հարվածներն են, որով էլ մեղեդու չափսը դառնում է 9/8: Պարաքայլերը կատարվում են հետևյալ հերթականությամբ`

 

       Առաջին քայլ – կատարվում է աջ ոտքով և դեպի աջ, երկրորդ քայլ – ձախ ոտքով կատարվում է կցորդ քայլ` ձախ ոտքը միացվում է աջին, երրորդ քայլ – կրկին կատարվում է աջ ոտքով և դեպի աջ, չորորդ քայլ – կրկնակի հարված ձախ ոտքով, հինգերորդ քայլ – ձախ ոտքով դեպի ձախ, վեցերորդ քայլ – մարմնի ծանրության տեղափոխում աջ ոտքի վրա, յոթերորդ քայլ – մարմնի ծանրության տեղափոխում ձախ ոտքի վրա, ութերորդ քայլ – կրկնակի հարված աջ ոտքով:

 

       Իհարկե կան այլ տարբերակներ նույնպես, որոնք քիչ թե շատ տարբերվում են վերոնշյալ տարբերակից, մի տարբերակում (Կարին) պարը դուրս է գալիս իր «դուրան» (ուղիղ) հետագծից և առաջ քայլելով կրկնակի հարվածում է աջ ոտքով և ապա վերադառնալով իր հետագծին կրկին կրկնակի հարված է կատարում աջ ոտքով: Կան նաև տարբերակներ, որտեղ հարվածներ չեն կատարվում, հակառակը ազատ ոտքը օդում խաղացող գործողություն է կատարում և ապա հաջորդ քայլին ընդունում մարմնի ծանրությունը:

 

 

 

 

 

 

 

Sunday the 22nd. Design by JoomlaTemplateMaker.